Սեպտեմբերի18-ին Ռուսաստանում համապետական ընտրություններ են, որոնցից հիմնականը Պետդումայի ընտրություններն են: Ընտրարշավի բոլոր հմայքները լայնորեն սփռված են ռուսական հեռուստաեթերում: Ընտրությունների շրջագծում երկրում տեղի են ունենում նաև այլ իրադարձություններ, որոնք անմիջականորեն կապված չեն ընտրությունների հետ, բայց ազդում են ընտրական գործընթացների վրա: ՌԴ արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ Յուրի Լևադայի վերլուծական կենտրոնը ներառվել է ոչառևտրային այն կազմակերպությունների ցանկում, որոնք ունեն արտասահմանյան գործակալի գործառնություն: Որոշումն ընդունվել է արտապլանային ստուգման հիման վրա: Հուլիսի 11-ին կենտրոնի տնօրեն Լև Գուդկովը մեղադրեց «Անտիմայդան» շարժմանը զրպարտության մեջ՝ արտասահմանյան դրամաշնորհների մասին նրանց հայտարարությունից հետո: Գուդկովը հաստատեց, որ իր կազմակերպությունը ԱՄՆ-ից դրամական միջոցներ է ստացել բնակարանային պայմանների ուսումնասիրության նախագծի համար, որի պատվիրատուն Վիսկոնսինի համալսարանն է, մինչդեռ «Անտիմայդանը» դիմել էր արդարադատության նախարարություն՝ պահանջելով ստուգումներ անցկացնել «Լևադա կենտրոնում», քանի որ իրենց տեղեկություններով 2012-ից կազմակերպությունը ԱՄՆ-ից 120 հազար դոլար է ստացել Պենտագոնի պատվերով հետազոտություններ անելու նպատակով: 2012-ին ընդունված օրենքով՝ ՌԴ-ում գործող կազմակերպությունները պետք է վերագրանցվեն իբրև արտասահմանյան գործակալներ և համապատասխան նշումներ անեն իրենց բոլոր նյութերի վրա, եթե ֆինանսավորվում են արտասահմանից: «Լևադա կենտրոնը» ոչպետական, հետազոտական կազմակերպություն է, որ սոցիոլոգիական ու մարկետինգային հետազոտություններ է կատարում 2003-ից: «Անտիմայդան» ՀԿ-ն ստեղծվել է 2015-ին՝ պայքարելու համար գունավոր հեղափոխությունների դեմ՝ ինչպես վկայում է անվանումը: «Լևադա կենտրոնի» փոխտնօրեն Ալեքսեյ Գրաժդանկինը Ինտերֆաքսին տված հարցազրույցում հայտարարել է, որ իրենք ձգտում են ձերբազատվել «արտասահմանյան գործակալի» պիտակից. «Առաջին հերթին մենք կողմնորոշված ենք ներռուսաստանյան պատվիրատուների վրա, կրճատում ենք արտասահմանյան պատվիրատուների հետ պայմանագրերը և հույս ունենք այդ կարգավիճակից ազատվել»: Նրա խոսքով՝ օրենսդրական սահմանափակումների պատճառով՝ կենտրոնը չի կարող հրապարակել ՌԴ Պետդումայի ընտրությունների վերաբերյալ նոր սոցհարցումների տվյալները, իսկ ընդհանրապես արտասահմանյան գործակալի կարգավիճակը, նրա կարծիքով, չի ազդի «Լևադա կենտրոնի» գործունեության վրա, քանի որ ուսումնասիրությունների գերակշիռ մասը փակ է և վերաբերում է մարկետինգին, այլ ոչ թե քաղաքականությանը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իհարկե, «Լևադա կենտրոնի» տնօրենն ու փոխտնօրենը կարող են իրենք իրենց հույս տալ, որ զբաղվում են մարկետինգով, ոչ թե քաղաքականությամբ, ուստի «արտասահմանյան գործակալի» կարգավիճակը իրենց աշխատանքին չի կարող խոչընդոտել, բայց նրանք էլ հիանալի հասկանում են, որ այդ կարգավիճակում կորցնելու են պատվիրատուներին: Գործակալի կարգավիճակը նրանց տրվել է հենց Պետդումայի ընտրություններին վերաբերող սոցիոլոգիական հարցումների արդյունքների չհրապարակման համար: «Անտիմայդանի»՝ իմա՝ պետության, ուշադրության կենտրոնում նրանք հայտնվել են ոչ այնքան իրենց գործունեության պատճառով, որքան այդ գործունեության մեջ համեմատական անկախության ցանկության: